Հայաստանին չի կարող դուր գալ, որ Ադրբեջանը զենք է գնում Հայաստանի դաշնակցից՝ «Ռոսիա սեգոդնյա» գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանը: «Ինչ վերաբերում է սպառազինությունների մրցավազքին. Հայաստանը չէ, որ սպառնում է նոր պատերազմ սանձազերծել, Հայաստանը չէ, որ պարծենում է իր ռազմական բյուջեի թվերով և գնվող սպառազինությունների քանակով, Հայաստանը չէ, որ խախտում է Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի դրույթները։ Թե ինչ հետևանքների է դա բերում, մենք ականատես եղանք անցած տարվա ապրիլին, երբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական արկածախնդրությունն ուղեկցվում էր միջնադարյան բարբարոսություններով, այդ թվում՝ խաղաղ բնակիչների, երեխաների, կանանց, տարեց մարդկանց նկատմամբ, միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով»,- ասել է էդվարդ Նալբանդյանը։
Հարցին, թե Ռուսաստանը կարո՞ղ է միջնորդ լինել Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցում և Երևանը պատրա՞ստ է Անկարայի հետ ուղիղ բանակցությունների, էդվարդ Նալբանդյանը պատասխանել է.
«Մեր դիրքորոշումը բոլորին է հայտնի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում առանց նախապայմանների։ Հենց այս ընկալմամբ մենք մեկնարկեցինք, վարեցինք բանակցություններ և հասանք համաձայնությունների։ Անկարայի հետ բանակցություններն ընթանում էին ինչպես ուղիղ, այնպես էլ միջնորդների միջոցով։ Այն, որ հենց Անկարան է մեղավոր, որ 2008-ին ՀՀ նախագահի նախաձեռնած կարգավորման գործընթացը կանգ առավ, որևէ մեկի մեջ կասկած չի հարուցում։ Այնպես որ խնդիրը միջնորդների մեջ չէ, այլ նրանում, որ Թուրքիան խախտել է միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքներից մեկը՝ pacta sunt servanda՝ պայմանագրերը պետք է հարգվեն»։